Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Իմ սևազգեստ տատիկը

Իմ սևազգեստ տատիկը
24.04.2026 | 12:24

Սկիզբը՝ այստեղ

Ագուլիսի լուսավորության ակունքները և Պերճ Պռոշյանը

Նախիջևանի, մասնավորապես՝ Ագուլիսի գրի ու լուսավորության տարածումը սերտորեն կապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ: Մեծն լուսավորիչը, սիրելով Գողթն գավառը, իր աշակերտների հետ եկել է այստեղ, որտեղ նրանց դիմավորել է իշխան Շաբաթը: Հայոց գրերի ստեղծումից հետո Ագուլիսն առաջիններից էր, որտեղ Մաշտոցը հիմնեց դպրոց ու գրչատներ: XIV-XVIII դարերում այստեղ ծաղկում էր գրչարվեստն ու մատենագրությունը: Ագուլիսի գրչատներում ստեղծվել են շուրջ 90 ձեռագրեր, որոնցից 15-ն այսօր պահվում են Մատենադարանում: Բարբարոսները հաճախ են թալանել ու այրել այդ մատյանները, որոնցից յուրաքանչյուրի ստեղծումը երեք տարուց ավելի էր տևում:

1867 թվականին Ագուլիս է այցելում գրող Պերճ Պռոշյանը: Նա հյուրընկալվում է Տեր-Մկրտչյանների տանը: Տեղացիները խնդրում են գրողին դպրոց բացել՝ նշելով, որ իրենց որդին՝ Գրիգորը, նույնիսկ կանոնադրություն է կազմել: Ոգևորված այս նախաձեռնությամբ՝ Պռոշյանն ընդամենը երկու օրում պատրաստում է երկու կանոնադրություն՝ տղաների և աղջիկների ուսումնարանների համար:

Մինչ այդ Ագուլիսում արդեն գործել էին մի քանի կրթօջախներ: 1848-ին Հ. Քալանթարյանը բացել էր տղաների դպրոց, իսկ 1851-ին գործում էր առևտրական դպրոց՝ 67 աշակերտով: Պռոշյանի և ագուլեցիների ջանքերով 1867 թ. մայիսի 25-ին Վեհափառից ստացվում է երկսեռ դպրոց բացելու իրավունքը: Նույն աշնանը դպրոցն արդեն ուներ 150 տղա և 35 աղջիկ աշակերտ:

Ագուլիսի դպրոցների մակարդակը բացառիկ բարձր էր. դասավանդվում էր փիլիսոփայություն, մաթեմատիկա, հռետորություն, աստվածաբանություն, լեզուներ (ռուսերեն, ֆրանսերեն), ինչպես նաև նկարչություն ու երկրաչափություն: Օրիորդաց դպրոցում, որը կոչվում էր «Հայկանուշյան», ուսուցանվում էր նաև ձեռագործություն: Ագուլիսի մեծահարուստներն ու իշխանական տները մշտապես հովանավորում էին այս կրթօջախները: Պռոշյանն իր հուշերում հիացմունքով է խոսում ագուլեցի տիկնանց եռանդի և հասարակության զոհաբերությունների մասին, որոնց շնորհիվ հավաքվեց 23,000 մանեթ՝ ուսումնարանի հիմնադրման համար:

(շարունակելի)

Էլեոնորա ՆԵՐՍԵՍՅԱՆ

Երևան 2022 թիվ, ապրիլ

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ